ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Գույներ հայ կոմպոզիտորական արվեստի նորօրյա ներկապնակից

Գույներ հայ կոմպոզիտորական  արվեստի նորօրյա ներկապնակից
21.12.2012 | 11:28

«Չուխաջյանֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Աճեմյանի հեղինակային երեկոն: Երեկոն բացեց երաժշտագետ Ա. Սարյանը, որն իր խոսքում մասնագիտորեն արժևորեց կոմպոզիտորի ստեղծագործական որակները, անցած ուղին, ներկայացրեց նրա երաժշտությանը մեծերի` Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի տված գնահատականները:

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց Վ. Աճեմյանի թիվ 3 սիմֆոնիան` նվիրված Էդվարդ Միրզոյանին, ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար կոնցերտը` նվիրված Ավետ Տերտերյանին, «Հնչյունի թատրոն» կոնցերտային պոեմը, ալտ սաքսոֆոնի, դաշնամուրի և լարային նվագախմբի համար գրված «Արկածներ» («Adventure») ստեղծագործությունը: Վերջին երկու ստեղծագործությունները համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ էին: Մենակատարումներով հանդես եկան Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա), Արուս Աճեմյանը (դաշնամուր), Արմեն Հյուսնունցը (ալտ սաքսոֆոն):
Համերգի նախօրեին մենք հանդիպեցինք և զրուցեցինք կոմպոզիտորի հետ սպասվող մշակութային իրադարձության, նրա ստեղծագործական և անձնական կյանքին առնչվող որոշ հարցերի շուրջ: Նշենք, որ կոմպոզիտորը մեծ հուզմունքով էր խոսում Հայաստանում առաջին անգամ կայանալիք իր ստեղծագործական երեկոյի մասին, թեև արտերկրում նման երեկոներ քիչ չեն եղել, նույնքան հուզմունքով պատմում էր իր կյանքի մեկ այլ մեծագույն իրադարձության` պապիկ դառնալու մասին. ծնվել է նրա առաջին թոռը` Արուս Աճեմյանի դուստրը` Եվան, որին ինքը քնքշորեն Վիվի է կոչում:
Ձեզ ենք ներկայացնում մաեստրոյի հետ ունեցած զրույցը:
-Պարոն Աճեմյան, Ձեր առաջին ստեղծագործական երեկոն Հայաստանում իրականացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Ի՞նչ կասեք այս առթիվ:
-Ես շատ բարձր եմ գնահատում նվագախմբի աշխատանքը: Լավագույն խոսքերը կարող եմ ասել Սերգեյ Սմբատյանի մասին: Հիանալի երիտասարդ է: Ես նրան գիտեմ մանկուց: Հիմա, ի դեմս նրա, մենք ունենք հոյակապ դիրիժոր, որը ոչ թե կատարում է հայ կոմպոզիտորներին սոսկ այն պատճառով, որ ինքը հայ է, այլ կատարում է սիրով, իր գործի մեջ դնելով մեծ նվիրում, բարձր պրոֆեսիոնալիզմ: Նա ամբողջովին երաժշտության մեջ է և սիրում է հայ կոմպոզիտորներին: Այդ ավանդույթը ստանձնել է ավագներից և այսօր շարունակում է: Կատարել հայ կոմպոզիտորների գործերը, կարծում եմ, ամենակարևոր խնդիրն է բոլոր կոլեկտիվների համար: Այդպես պիտի զարգանա հայ երաժշտությունը, նպաստի, որ մեր կոմպոզիտորները մնան մեր երկրում, ծառայեն մեր մշակույթին, ոչ թե օտարին, ճանաչվեն մեր երիտասարդների կողմից:
-Մեր ստեղծագործողներին օտարության մեջ ավելի շուտ են գնահատում, ճանաչում, քան այստեղ: Սա մի տեսակ օրինաչափություն է դարձել:
-Այո, ես ունեմ բազմաթիվ գործեր, որոնք տպագրվում, կատարվում են Շվեյցարիայում: Նրանք, փաստորեն, վերցնում են իմ հեղինակային իրավունքը, և հիմա ահագին գումար պետք եղավ, որ ձեռք բերեինք այդ նոտաները: Մենք պետք է հասնենք նրան, որ մեր ստեղծագործողները չցանկանան լքել հայրենիքը:
-Մի բան, որ արել են Ձեր աշակերտներից շատերը:
-Այո, և լավագույններն են գնում: Սովորում են մեզ մոտ, շահում շատ կարևոր մրցանակներ միջազգային մրցույթներում, հետո գնում ու ծառայում են օտարի փառքին: ՈՒ նրանք փոխվում են, սկսում են գրել այն ամբոխի նման, որը ստեղծագործում է դրսում: Իսկ դա որևէ կապ չունի մեր` հայկական դպրոցի հետ: Այնինչ հայկական դպրոցը շատ հզոր էր և հիմա էլ հզոր է: Հայաստանի կոմպոզիտորական դպրոցը հայտնի էր աշխարհում. ապացույցները բազում են:
-Դուք աշակերտել եք Ղազարոս Սարյանին, կապված եք եղել Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, այլոց հետ: Ձեզ այդ սերնդի դասերի կրո՞ղն եք համարում:
-Հույս ունեմ, որ այդ դասերի կրողն եմ և կկարողանամ հետագայում էլ այդ ավանդույթները փոխանցել երիտասարդներին: Նրանց դասերի ամենակարևոր խորհուրդն այն էր, որ չէին խանգարում իրենց ուսանողներին ստեղծագործելու: Թույլ էին տալիս, որ ամեն մարդ դրսևորի իր ամենալավ, ամենահետաքրքիր կողմերը, չէին պարտադրում գրել իրենց նման: Ես փորձում եմ նույնն անել իմ դասարանում:
-Ձեր երաժշտության մեջ բազում են անդրադարձերը գեղարվեստական գրականությանը, դրամատուրգիային, պոեզիային: Գրել եք «Կիկոսի մահը» օպերան` ըստ Թումանյանի, «12-րդ գիշեր» մյուզիքլը` ըստ Շեքսպիրի, «Բաղդասար աղբար» անավարտ օպերան` ըստ Պարոնյանի, երգեր, ռոմանսներ Մահարու, Սևակի, Տերյանի, Շիրազի, Սահյանի խոսքերով: Սա թատրոնի, գրականության հետ ունեցած Ձեր գենետիկ առնչությա՞մբ է պայմանավորված, Վարդան Աճեմյանի, Գուրգեն Մահարու հետ ժառանգորդական կապո՞վ:
-Դա պայմանավորված է նախ և առաջ իմ դաստիարակությամբ: Առաջին բանաստեղծը, ում ես կարդացել եմ (իհարկե, Թումանյանից հետո), եղել է Մահարին: Նա ինձ ուղղակի գերեց: Պապս` Վարդան Աճեմյանը, շատ էր սիրում իր եղբորը` Մահարուն, շատ բարձր էր գնահատում` որպես բանաստեղծի: Ես գրել եմ բազմաթիվ ստեղծագործություններ Մահարու տեքստերով, որոնք այսօր ձայնագրված են և պահպանվում են Հանրային ռադիոյի «ոսկի ֆոնդում», կատարվել են տարբեր երկրներում:
-Ստեղծագործական երեկոյի ընթացքում «Հնչյունի թատրոն» պոեմի համաշխարհային պրեմիերան է սպասվում, իսկ «Արկածները» մինչ այժմ կատարվել է դրսում: Պատմեք, խնդրեմ, այդ մասին:
-«Հնչյունի թատրոնի» պրեմիերային մեծ հուզմունքով եմ սպասում: Դեռ ինքս էլ չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու: Իսկ «Արկածներն» առաջին անգամ կատարվել է Շվեյցարիայում` «La Chaux-de-Fonds» կոնսերվատորիայի նվագախմբի և իրենց մենակատարի կողմից: Աղջիկս` Արուս Աճեմյանը, մյուս մենակատարն էր: Համերգին ներկա էր Շվեյցարիայում մեր դեսպանատան ամբողջ անձնակազմը:
-«Արկածներ» ստեղծագործության ալտ սաքսոֆոնի պարտիան կատարում է Արմեն Հյուսնունցը, որին մենք լավ ճանաչում ենք որպես ջազ երաժշտի: Այս ստեղծագործությունը, փաստորեն, ջազ և սիմֆոնիկ երաժշտության սինթե՞զ է:
-Այո, կա այդպիսի բան: Ստեղծագործությունը գրվել է ֆրանսիական մշակույթի կենտրոնի պատվերով, և դա պատվերի նախապայմաններից մեկն էր: ՈՒստի ես այդ ստեղծագործությունը Երևանում կատարելու առաջարկով դիմեցի հենց Արմեն Հյուսնունցին:
Ի մի բերելով մեր հարցազրույցի ու արդեն կայացած երեկոյի տպավորությունները` ցանկանում ենք ասել, որ Վարդան Աճեմյանի երաժշտարվեստը ոչ միայն սեփական ստեղծագործական որոնումների ու հայտնաբերումների նորօրյա մշակութային փաստ է, այլև հետադարձ հայացք, յուրատեսակ երախտագիտության տուրք` ուղղված դեպի հայ երաժշտության, մշակույթի անցյալը, և ապագայի սլացք` զուգակցված ամենաարդիական թրթիռներով: Եթե երեկոյի առաջին բաժնում հնչած ստեղծագործությունները հայ ունկնդրին ծանոթ էին և հաճելի վերապրումն էին նախկինում արդեն ունեցած զգացողությունների, ապա երկրորդ բաժնում հնչած «Հնչյունի թատրոնը» և հատկապես «Արկածները» անակնկալների անկասելի տեղատարափ էին հիշեցնում, որն ամբողջության մեջ ընկալելու և իմաստավորելու համար ունկնդիրը դեռ պիտի հնարավորություն ունենա կրկին ու կրկին լսելու դրանք:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ